Արփին լիճ է ՀՀ հյուսիսարևմուտքում` Աշոցքի սարահարթում: Սևանա լճից հետո հանրապետության ամենախոշոր ջրավազանն է: Մինչև ջրամբար դառնալը լճի մակերեսը եղել է 4,5կմ², խորությունը`1,6մ, ջրի ծավալը` 5մլն մ³: Արփի լիճն իր ներկայիս վիճակով մարդու միջամտության արդյունք է։ 1950 թվականին Ախուրյան գետի հունում կառուցվել է Արփի լճի պատվարը ու այն դարձել է լիճ-ջրամբար` բարձրացել է լճի մակարդակը և ավելացել կուտակվող ջրի քանակը, ինչը կարգավորում է Ախուրյան գետի հոսքը և հնարավորություն է ստեղծում ավելի շատ ջուր տրամադրել ոռոգման համար: Պատվարի բարձրությունը 10մ է, երկարությունը` 80մ: Լիճ-ջրամբարը ունի 2020մ բարձրություն, 7,3կմ երկարություն, 4,3կմ լայնություն, 20կմ² մակերես: Ավազանը 220կմ² է, միջին խորությունը` 4,2մ, առավելագույնը` 8մ, ջրի ծավալը` 90-105մլն մ³: Սնումը հիմնականում աղբյուրներից և գետերից է` Կարմրաջուր, Եղնաջուր, Էլար և այլն: Լիճ-ջրամբարից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Ձմռանը սառցակալում է: Հատակը տղմոտ է: Կենդանական աշխարհը հարուստ չէ` ջրասամույր, որը թափանցում է Ախուրյան գետից, ջրառնետ, թռչուններից` հավալուսնը, բադեր, ձկներից` ծածանը, խրամուլը և այլն: Մերձափնյա շրջաններում աճում է ճահճային բոշխ: Ջրերն օգտագործվում են ոռոգման ու էլեկտրաէներգիա ստանալու նպատակով: