Գայլաձկները կազմում են գայլաձկնակերպների կարգի ձկների առանձին ընտանիք: Լայնորեն տարածված է սովորական գայլաձուկը, որն ապրում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի դանդաղահոս, քաղցրահամ ու սակավ աղի ջրերում: Գայլաձկան մարմնի երկարությունը հասնում է 1,5 մ-ի, զանգվածը կարող է լինել 35 կգ-ից ավելի: Գլուխը մեծ է՝ երկար ու տափակ դնչով: Ունի սուր ատամներ: Մարմինը և գլուխը պատված են մանր թեփուկներով: Գայլաձուկը գիշատիչ է, սնվում է ձկներով, գորտերով, ջրլող թռչուններով (սագերի ձագեր, բադեր, կտցարներ): Նա իր զոհին չի որոնում և չի հետապնդում, այլ դարանակալում է: Թաքնվում է ջրիմուռների մեջ. նրա` խալերով ու զոլերով ծածկված մոխրագույն կամ մոխրականաչ մաշկը քողարկվելու հիանալի միջոց է: Հենց որ զոհը հայտնվում է գայլաձկան կողքին, նա կայծակի արագությամբ հարձակվում է զոհի վրա, և ավարն արդեն չի կարող դուրս պրծնել նրա թրանման ատամներով հսկա երախից: Ձկներին և ջրլող թռչուններին ոչնչացնելով՝ գայլաձկները, անշուշտ, վնաս են հասցնում: Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ և թույլ ձկներ ու ջրլող թռչուններ` նրանք կանխում են հիվանդությունների տարածումը ջրամբարներում: Գայլաձկները սովորաբար ապրում են 20–30 տարի: Ձվադրում են գետերի գարնան վարարումների ժամանակ առաջացած լճակներում: Ունեն արդյունագործական նշանակություն և մարզական ձկնորսության օբյեկտ են: