Գլխավոր » 2011»ԱՊՐԻԼ»25 » Հայաստանի տարածքում չի արգելվում միայն գայլերի որսը
23:01
Հայաստանի տարածքում չի արգելվում միայն գայլերի որսը
Սեւանա լճում սիգի արդյունագործական ձկնորսություն չի թույլատրվում, իսկ որսաշրջանը Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի սկզբից նույնպես փակված է: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Փիրումյանը` նշելով, որ չի արգելվում միայն գայլերի որսը, բայց դրա համար ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով տրվում են համապատասխան թույլտվություններ:
«Կենդանական եւ բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման կանխարգելման նպատակով տեսչության կողմից կազմակերպվում են ամենօրյա շրջայցեր»,-տեղեկացրեց ԲՆ աշխատակազմի ղեկավարը: 2011թ. ընթացքում` մինչեւ մարտ ամսվա առաջին կես, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության բաժինների աշխատակիցների շրջայցերի ընթացքում, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների կողմից հայտնաբերված ու բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերով արձանագրվել է ձկնգողության 9 դեպք, խեցգետնի ապօրինի որսի` 7, որսագողության` 8 եւ անտառհատման 19 դեպք:
Էդուարդ Փիրումյանի տեղեկացմամբ` հայտնաբերված իրավախախտումների դեպքում իրականացվում է գործի քննության վարչական վարույթ եւ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածների` կայացվում է վարչական տուգանքի որոշում: Կարող է կայացվել կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Տրվում են նաեւ հայտնաբերված խախտման վերացման պարտադիր կատարման հանձնարարականներ:
Շրջակա միջավայրին հասցված վնասի արձանագրման պարագայում կազմվում է արձանագրություն, կատարվում է վնասի հաշվարկ տվյալ ոլորտի համար սահմանված հաշվարկի մեթոդով եւ սակագներով, կայացվում է բնապահպանական օրենսդրության խախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու վերաբերյալ որոշում: Բնապահպանական եւ բնօգտագործման հաշվետվություններում թաքցված ծավալի հայտնաբերման դեպքում կատարվում է ռեսուրսների ծավալների եւ վճարի ենթակա գումարների վերահաշվարկ ու ներկայացվում հարկային մարմին:
Կիրառված պատժամիջոցներով սահմանված գումարները կամավոր չմուծելու դեպքում դատական մարմիններ հարկադիր բռնագանձման պահանջով ներկայացվում են հայցեր, իսկ քրեական հանցագործության տարրեր պարունակելու կասկածի դեպքում գործը ուղարկվում է ՀՀ ոստիկանության համապատասխան քննչական բաժին: