Դեկտեմբերի 20-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1899,71մ` 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ մակարդակը բարձրացել է 47 սմ-ով. այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նախարարությունը տարվա ընթացքում ձեռք է բերել ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հողահան էքսկավատոր: Նոր տեխնիկայով մաքրվել է 138 հա ջրածածկ տարածք:
Այս տարի լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 192 հազար մանրաձուկ, որոնք ունեցել են երեք գրամից ավել քաշ: 2007-2010 թվականներին լիճ է բաց թողնվել 1 մլն հատ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ:
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը նախարարությանն առաջարկել է 2011թ-ին արգելել Սևանա լճում Սիգի որսը, խեցգետնի որսը սահմանափակել 210 տոննայով, իսկ կարասի որսն իրականացնել 70-80 տոննայի սահմաններում:
Հարությունյանը նաև նշեց, որ փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սևանա լճում ապրում է 2-3 տարեկանից մեծ 200-300 գրամ քաշով 100-120 իշխանի առանձնյակ:
Այս տարի լճի 1900,25 մ ցուցանիշից ցածր գտնվող հատվածում ապամոնտաժվել է 78 շենք և շինություն, որոնցից 23-ը` «Սևան» ազգային պարկի տարածքում: