Գտնվում է Ապարանի շրջանի կենտրոնական հատվածում, ընկած է Քուչակ, Եղիպատրուշ, նախկին Աստվածընկալ գյուղերի միջև, Քասաղ գետի վերին հոսանքում: Կառուցվել է 1962-1967 թթ-ին: Մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է, ընդհանուր ծավալըª 91 միլիոն խորանարդ մետր, օգտակարը` 81 միլիոն խորանարդ մետր, ջրթողունակությունըª վայրկյանում 18 խորանարդ մետր: Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունըª 50 մետր, երկարությունըª 200 մետր: Սնվում է Քասաղ գետի, Լուսագյուղ, Վարդենիս, Թթուջուր, Եղիպատրուշ, Քուչակ գետակների և մթնոլորտային տեղումներից: Ձմռանը սառցակալում է: Օգտագործվում է ոռոգման համար: Ջուրը տրվում է Աշտարակի, Էջմիածնի շրջաններին: Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է: Այստեղ բուծվել է նաև Սևանա լճի իշխանը, սիգը և ծածանը: Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը: Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ: Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում:
|