Ձկնամթերքը սննդային արժեքով չի զիջում մսեղենին և առավել դյուրամարս է: Թարմ ձուկը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, նաև ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր: Ձկան սպիտակուցը պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինաթթուները, որոնք չեն սինթեզվում օրգանիզմում: Սննդում օգտագործվող ձկների 20%-ը քաղցրահամ ջրերի, 80%-ը ծովաձկներ են: Ոչ յուղոտ (մոտ 2% ճարպ) ձկներից են ձողաձկները, փրփրուկը, շիղաձուկը, գետի պերկեսը և այլն: Միջին յուղայնություն (2–5% ճարպ) ունեն հարինգները, ծածանը, իշխանը, վոբլան, լոքոն և այլն: Յուղոտ (5–20% ճարպ) են թառափազգիները, սիգը, կետան, սապատաձուկը, ստավրիդան և այլն: Շատ յուղոտ (20%-ից ավելի ճարպ) են խոշոր սայրան, օձաձուկը, խամսան և այլն: Ձկան յուղը հարուստ է վիտամիններով՝ հատկապես A և D, իսկ ձկնամթերքը՝ հանքային նյութերով (ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, նատրիում, յոդ, կալիում, ցինկ): Ձուկը լավորակ է, եթե ծածկված է թափանցիկ լորձով, ամուր կպած թեփուկներով, ունի վառ կարմիր խռիկներ և դուրս պրծած աչքեր, մկանային հյուսվածքն ամուր կպած է փշերին և դժվար է անջատվում: Ձուկն օգտագործում են նաև մշակած՝ աղ դրած, ապխտած, ծխահարած և այլն: Աղ դրած ձուկը կորցնում է սպիտակուցների, հանքային նյութերի և ջրալույծ վիտամինների որոշ մասը: ՀՀ ջրերում տարածված ձկներից են իշխանը, կարմրախայտը, սիգը, բեղլուն և կողակը: Կողակը ծածանաձկների ընտանիքի ձուկ է` միջին չափի, մարմնի երկարությունը 35–40 (երբեմն՝ մինչև 50) սմ է, զանգվածը` մինչև 2 կգ: Դնչի ստորին մասի անկյուններում կան 1 զույգ կարճ բեղիկներ: Ստորին շրթունքը պատված է եղջերաշերտով, որի օգնությամբ ձուկը սնունդը քերում է ստորջրյա առարկաներից: Գետերում սեռահասուն է դառնում 3–4, Սևանա լճում՝ 6–7 տարեկանում և ավելի ուշ: Բազմանում է ապրիլ–օգոստոսին՝ ջրի 14օC-ից բարձր ջերմաստիճանում: Ձվադրում է տարվա ընթացքում 2–3 անգամ, դնում մինչև 10–75 հզ. դեղնագույն 1,3–1,5 մմ տրամագծով ձկնկիթ: Բեղմնավորված ձկնկիթի զարգացումը տևում է 6–7 օր: Հանդիպում է սակավաթիվ առանձնյակներից կազմված փոքրիկ խմբերով, բազմացման շրջանում՝ նաև մեծաթիվ վտառներով: Վարում է մերձհատակային կենսաձև: Բուսակեր է: Սնվում է ստորակարգ ջրիմուռներով, դետրիտով և բենթոսով: Ներկայումս կողակի պաշարները հանրապետությունում զգալի նվազել են, ուստի այն պաշտպանության և վերարտադրության կարիք ունի:
|