Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում: Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է: Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին (կատվաձկներ, տափակաձուկ): Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկան շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ (զիգզագաձև) շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Միայն առանձին տեսակներ են շարժման համար օգտագործում կրծքային լողակները, որոնք սովորաբար հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումներն արգելակելուն: Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում ջրի հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը: Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը (43 հզ. տեսակ): ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում: 3 տեսակը` իշխանը, սիգը, Սևանի բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող գետակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ հաստաճակատներ և այլն: Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է: Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
|