Քաղցրահամ ջրերի ձկները սնվում են տարբեր կերերով՝ ջրային բույսերով, խխունջներով, որդերով, միջատներով և նրանց թրթուրներով, ինչպես նաև այլ ձկներով: Որոշ ձկներ (օրինակ՝ երկայնաձուկը) ջրի հատակից հավաքում են տիղմը և զատում նրա մեջ ապրող օրգանիզմները: Այդպիսի ձկներին անվանում են դետրիտակերներ: Բաց ծովերում ապրող ձկների մեծամասնությունը գիշատիչ է. սնվում է տարբեր կենդանիներով՝ մանր ծովախեցգետիններից մինչև այլ ձկնատեսակներ: Որոշ տեսակներ (օրինակ՝ կետանման շնաձուկը) հարմարվել են պլանկտոններով սնվելուն: Շնաձուկը բերանը լիքը լցնում է ջրով, ապա փակում այն և խռիկային անցքերով ջուրը դուրս մղում, իսկ խռիկային աղեղների հատուկ արտացցվածքների օգնությամբ զտված պլանկտոնը կուլ է տալիս: Ծովերում, մեծ խորություններում, ապրում են արտասովոր արտաքինով ձկներ: Նրանք ունեն մեծ բերան ու ատամներ և կարող են կուլ տալ չափերով իրենցից ավելի մեծ որսի: Բայց նրանք հազվադեպ են սնվում, քանի որ մի քանի ամիսը մեկ անգամ է հաջողվում որս անել:
|