Միջավայրում ձկները կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, շոշափման և համային զգացողություններով: Ձկների մեծամասնության աչքերը տեղադրված են գլխի կողքերին, որոնք լայն տեսադաշտ են ապահովում: Նրանցից շատերն օժտված են զարգացած գունային տեսողությամբ, որը կարևոր է բազմացման շրջանում: Ձկներն արտաքին ականջ չունեն, սակայն օժտված են հատուկ ձայնընկալիչ օրգաններով: Քանի որ ձայնային տատանումները ջրում լավ են տարածվում, ձկների շատ տեսակներ տեղեկություններ են փոխանակում՝ ձայնային ազդանշաններ արձակելով: Ձկներն ապրում են վատ տեսանելիության պայմաններում, ուստի շոշափման զգացողությունը նրանց համար խիստ կարևոր է: Ջրի չնչին տատանումներն ընկալում է գլխավոր շոշափելիքի օրգանը` կողագիծը, որը բաղկացած է մարմնի կենտրոնական մասում մաշկի տակ տեղադրված նյարդային վերջույթներից: Որոշ տեսակների բերանի շուրջն աճում են բեղիկներ կոչվող հատուկ շոշափուկներ, որոնց օգնությամբ ձկները հետազոտում են ծովի կամ գետի հատակը: Ձկների մեծամասնությունն ունի լավ զարգացած հոտառություն: Նրանք կարող են զգալ այլ կենդանիների հոտերը, հոտառությամբ գտնել որսը կամ զգուշանալ, քանի որ վիրավորվելիս ձկան մաշկն արտազատում է վտանգի մասին ահազանգող հատուկ հոտով նյութ:
|