Ձկնորսությամբ զբաղվել են վաղընջական ժամանակներից. որոշ ցեղերի (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների) համար այն ապրուստի հիմնական միջոցն էր: Ձկնորսական հիմնական գործիքներից էին քարե կամ մետաղե եռաժանիները, տեգերը, թակարդները, ցանցերը, ուռենու ճյուղերից հյուսված սակառները, սուզաքար-ծանրոցները և այլն: Տարբերում են ձկնորսության 2 տեսակ՝ արդյունագործական և մարզական: Արդյունագործական ձկնորսությունը բնակչությանն ապահովում է արժեքավոր սննդամթերքով: Այն ձկնարդյունաբերության ճյուղ է, որը Համաշխարհային օվկիանոսից, ծովերից, լճերից, գետերից, ջրամբարներից արդյունահանում է բազմազան ձկներ, ծովային կաթնասուններ, փափկամարմիններ, խեցգետնակերպներ: Սակայն ձկնատեսակների գերորսի հետևանքով համաշխարհային պաշարները խիստ կրճատվել են, ինչի հետևանքով աճել է ձկան արհեստական վերարտադրման պահանջը արհեստական ջրամբարներում, ծովախորշերում և այլն: Լայնորեն կիրառվում է նաև աքվարիումային ձկնաբուծությունը: Ձկնորսությունը կատարվում է կատարելագործված նավերով. կիրառվում են տարբեր որսաձևեր՝ ուռկանային, լուսային և այլն: Մարզական (սիրողական) ձկնորսությունն ակտիվ հանգստի և ֆիզիկական կոփման ձև է. թույլատրվում է բոլոր ջրամբարներում (բացառությամբ արգելոցների, ձկնաբուծարանների և հատուկ սահմանված շրջանների): Որսի համար կիրառվում են բազմատեսակ կարթեր, սպինինգներ, իսկ սիրողական նպատակով ցանցերի և տարբեր ուռկանների օգտագործումը խիստ սահմանափակվում է կամ արգելվում: Թվում է` ձուկ որսալն ամենևին էլ դժվար գործ չէ, սակայն հեշտ բան չէ կարթը սահուն նետելն ու ջրի հենց նշանառված մասում խայծն իջեցնելը: Դրա համար պետք է մարզվել: Ձկնորս-մարզիկների միջև տեղի են ունենում զանազան մրցումներ: Անցկացվում են նաև ձկնորսական սարքերը հմտորեն գործածելու մրցումներ՝ քաստինգ: Մարզական ձկնորսության միջազգային ֆեդերացիան կազմակերպում է ձկնորսության և քաստինգի աշխարհի առաջնություններ ու հաստատում ռեկորդները: Իսկական ձկնորսը խստորեն պահպանում է ձկնորսության կանոնները, հոգում ջրամբարների ձկան պակասը լրացնելու մասին:
|