Որոտանը գետ է, որը անցնում է Հայաստանի ու մասամբ Ադրբեջանի տարածքներով։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարա (Աղվանո) վտակը և Մինջևան կայարանից միախառնվում Արաքսին: Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կիլոմետր-քառակուսի, ՀՀ սահմաններում 2300 կմ քառ:
Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատ հզորությամբ, տարեկան 1,1 մլրդ կվտ-ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի): Սպանդարյանի ջրամբարից՝ կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 մլն խմ ջուր է տեղափոխում Սևանա լիճ:
Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից: Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 մլն խմ: Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր: Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ։
Որոտանի ավազանի մեջ մտնող գետերն են. Աղբաշգետ - երկարությունը` 10 կմ Այրիգետ - երկարությունը` 23 կմ Արագլիջուր - երկարությունը` Բռնակոթ - երկարությունը` 15 կմ Գիժգետ - երկարությունը` 10 կմ Գիժգետ - երկարությունը` 26 կմ Զայ - երկարությունը` 14 կմ Զորզոր - երկարությունը` Լորագետ - երկարությունը` 23 կմ Կըշկոշտի - երկարությունը` 10 կմ Ձկնարածի - երկարությունը` 16 կմ Ղուռիգետ - երկարությունը` 17 կմ Մադան - երկարությունը` 13 կմ Միլիցաթոռ - երկարությունը` 12 կմ Մուխուրթորյան - երկարությունը` 18 կմ Նորավան - երկարությունը` 20 կմ Շաղատ - երկարությունը` 10 կմ Շամբ - երկարությունը` 12 կմ Շաքի - երկարությունը` 17 կմ Սալվարդ - երկարությունը` 12 կմ Սառնակունք - երկարությունը` 10 կմ Սիսիան - երկարությունը` 33 կմ Սուլթանլու - երկարությունը` 14 կմ Վաղատնի - երկարությունը` 12 կմ Ուղտիաչք - երկարությունը` 10 կմ
|